
Շնորհաոր կանանց և աղջիկներին



Լինում է չի լինում, մի աղջիկ ու հայր են լինում։ Աղջկա անունը Ծաղիկ է լինում։ Ծաղիկն ասում է հորը, որ ուզում է եդեմական ծաղիկ։ Հայրը գնում է սրանից- նրանից հարցնում՝ եդեմական ծաղիկ չի գտնում։ Ճանապարհինմի ծեր պապիկ է պատահում, պապիկը ասում է. «Ծաղիկը, որը դու փնտրում ես, այնտեղ է» ։ Հայրը գնում է և պոկում է եդեմական ծաղիկը:Ուժեղ փոթորիկ է սկսվում, մարդը տեսնում է, վա՜խ է անում, տեսնում է հրեշ, ասում է «մարդ չէ գազան չէ, բայց գազանի նման մռնչում է»։ Հրեշը ասում է. «Հիմա քո մահն եկել է»։ Հայրը ասում է, որ ների հրեշը իրեն : Հրեշը պատասխանում է, որ կների մի պայմանով, որ աղջկան տա իրեն , երբ սարը սպիտակի։ Հայրը գնում է տուն և ծաղիկը տալիս է աղջկան, բայց թաքցնում է պայմանը: Ինչքան օրերը գնում են, այդքան հայրը տխրում է։ Մի օր էլ սարը սպիտակում է, և հայրը լաց է լինում: Ծաղիկը հորը հանգստացնում է ՝ ասելով, որ ինչ լինում է, թող լինի։ Հրեշի սառը շնչից դողում էին ծառերը, աշխարհքը՝ գույնը գցում: Հրեշը գալիս է Ծաղիկի հոր մոտ և հարցնում, թե ու՞ր է ծաղիկը։ Հրեշը տանում է Ծաղիկին և փակում է բյուրեղյա ապարանքում։ Մի օր էլ աղջիկը փախչում է: Հրեշը գալիս է տուն և տեսնում է, որ չկա աղջիկը: Աղջիկը այդ ժամանակ արդեն հեռու տեղերում է լինում: Հրեշը շատ արագ փոթորիկի պես գնում է և աղջկան բռնում: Աղջիկը ճչում է սարսափից և օգնություն է կանչում:Այդ ժամանակ նրա դիմաց դուռ է հայտնվում, նա մտնում է և դուռը փակում սպիտակ դևի առջև։ Սպիտակ դևը կատաղում է և իր մեծ թևերով խփում գետնին։ Ծաղիկը հայտնվում է այնպիսի տեղ, որտեղից հազարավոր ձայներ են լսվում։Ծաղիկը հանկարծ զվարթ ձայներ է լսում, հետո տեսնում է այգու մեջ զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկե դագաղ, դագաղի մեջ ջահել սիրուն տղա, որը ոչ քնած է, ոչ մեռած և հազիվ է շնչում: Հենց տեսնում է ՝ սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանալով՝համբուրում է: Երբ կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, նա բաց է անում աչքերն և կանգնում է ։
Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։
| Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է, Բամբակը կորիզոտ է։ Մաստակ պիտի, որ ծամեմ, Կըտերը տիտիկ անեմ, Անցնողին մըտիկ անեմ․ Ուտեմ, խմեմ, Մըթնի, քընեմ։ |
Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի։
Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ, տանեմ ծախեմ, հարստանանք։
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են։ – Փե՛փել․․․ Կե՛կել․․․ Փե՛փել․․․ Կե՛կել․․․
– Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք․․․
– Բե՛ր, բե՛ր, բե՛ր․․․
Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։
– Դե գզեց ե՛ք, մանեցե′ք։ Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։
Գնում է, մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկոում են,
– Փե՛փել-Կեկել․․․ Փե՛փել-Կեկել․․․
– Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք։
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։
Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։
– Վո՛ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։
Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․
– Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։
Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։
– Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։
Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։
Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։
Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին։ Ասում է․
– Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում․․․ Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես․․․
Փեսեն մնում է զարմացած։ Ասում է․
– Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորքո՞ւրս որն է․․․
Զոքանչը թե․
– Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։
Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։
Լինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։
Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․
– Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է․
– Դե գնա իմ կաթը բե՛ր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
– Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։
Կովն ասում է․
– Դե գնա ինձ համար խո՛տ բեր։
Աղվեսը գնում է արտի մոտ։
– Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
– Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։
-Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղբյուրն ասում է․
– Դե գնա կուժ բեր։
Աղվեսը գնում է աղջկա մոտ։
– Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
– Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։
Աղվեսր գնում է չարչու մոտ։
– Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Չարչին ասում է․
-Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։
Աղվեսը գնում է հավի մոտ։
– Հավիկ-հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Հավն ասում է․ – Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։
Աղվեսը գնում է կալվորի մոտ։
– Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։