






Խաչատուր Աբովյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է[4], ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝ մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մուտքի մոտ։ Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։
Խաչատուր Աբովյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է[4], ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր[5]։
Հովհաննես Թումանյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
Ալեքսանդր Սպենդիարյան – բրոնզ և գրանիտ, հեղինակները Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
