Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:
Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կոմունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտագործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության համար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմարան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ավազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տարբեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղտոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշխարհի վրա:
Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերական ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրերով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգտագործման համար ոչ պիտանի:
Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակությունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:
Ուստի պետք է ջրային պաշարները պաշտպանել հետագա աղտոտումից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տարբեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ միջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կառուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրամաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:
Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց առաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:
Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտանետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավականին աղտոտված է:
Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:
Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:
Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումներից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում արդեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հալեցումը և օգտագործումը:
Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգտագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների համար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա: Էլեկտրոեներգիայի համար և խմելու համար։
- Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը: Պլաստիկով և այլ աղբերով
- Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշխատանքներ են կատարվում: Պլաստիկի և այլ աղբերի մաքրություն
- Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Որ բոլոր ծովերի և ոկիանոսների ջրերը աղոտ էն
- Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք: Մեծ ֆիլտրներ որոնք մաքրում էն ջուրը